Կառավարության գերխնդիրը ոչ թե կրթական մակարդակի բարձրացումն է, այլ հայոց լեզվից եւ հայոց պատմությունից ազատվելը
Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ստացվում է, որ նրանք, ովքեր պնդում են, որ հայերենը պետք է պարտադիր լինի ուսանողների համար, որ նրանք պետք է հայոց պատմություն գոնե որոշակի մակարդակով իմանան, կախվել են ժողովրդի ոտքերից եւ ճահճի մեջ են գցում: Ահա այսպես` ոչ այնպես, ոչ այսպես:
Եւ այսքանից հետո ինչպես չպնդես, որ կառավարության գերխնդիրը ոչ թե կրթության մակարդակի բարձրացումն է, այլ հայերենից ազատվելը, հայոց պատմությունից ազատվելը: Այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը խնդիր է դրել բուծել անցյալ չունեցող քաղաքացիների բազմություն, իսկ անցյալից կտրելու լավագույն միջոցը պատմությունից եւ լեզվից կտրելն է:
Ցանկանում եք բարձրացնել կրթության մակարդակը՝ բարձրացրեք: Բայց պնդել, որ դրան խանգարում է հայոց պատմությունն ու հայերենը, առնվազն մանկամտություն է: Այն համառությունը, որով կառավարությունը լծվել է Հայ եկեղեցու պատմության, հայոց լեզվի եւ հայոց պատմության դեմ, բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ բազմաթիվ մտահոգություններ ծնում:
Ըստ վարչապետի տրամաբանության, մեր երկիրը չի զարգանում, քանի որ ուսանողները բուհերում հայոց պատմություն եւ հայերեն են ուսումնասիրում: «Հետեւաբար, ուզում եմ եւս մեկ անգամ արձանագրել, որ կառավարությունն այս հարցում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետևողական փոփոխությունների»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Այսպես կոչված, բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է նաեւ բարձրագույն կրթության եւ գիտության ֆինանսավորման նոր սկզբունքների եւ մեխանիզմների ներդնում: Բնականաբար, ոչ մի խոսք, թե այդ ինչ նոր սկզբունքներ են: Տող է՝ գրել են, հայտարարել:
Ասում են, թե ուզում են, որ բուհերի եւ գիտական կազմակերպությունների ինքնավարություն լինի, ակադեմիական ազատություններ, կարծես թե դրանք չկան:
Պնդում են, թե գիտական կազմակերպությունների վարչական աշխատակազմի, ակադեմիական կազմի երիտասարդացմանն ենք ձգտում: Իսկ հետաքրքիր է, այս երկիրը չունի՞ բազմափորձ, որակյալ, ճանապարհ անցած մարդկանց կարիք: Ինչ որ մեկը մեզ ծաղրում է, ինչ որ մեկը մեզ փորձարարական մկան տեղ է դրել եւ գիտափորձեր իրականացնում:
Եւ ամենակարեւորը՝ կրկին անգամ պնդում են, թե հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն դասընթացները պետք է լինեն բուհերի իրավասության ներքո, ինչը նշանակում է, որ դրանք չեն լինելու:
Եւ հենց այս վերջին կետն է միակ նպատակն այս աղմուկ-աղաղակի: Մնացածը հեքիաթներ են ցածր դասարանի դպրոցականների համար:
Հակոբ Ասատրյան
Top-News.am