«Դե սպասիր» մուլտֆիլմի նոր սերիաներում նոր հերոսներ կլինեն
«Դե սպասիր» («Ну, погоди!») մուլտսերիալը կունենա շարունակություն, նոր սերիաներում նոր հերոսներ հանդես կգան, գրում է RT-ն՝ հղում անելով «Союзмультфильм» կինոստուդիայի ղեկավար Յուլիանա Սլաշչևային։
«Նոր հերոսները մուլտֆիլմում երկրորդական կերպարներում են հանդես գալու, և բոլոր իրադարձությունները տեղի են ունենալու գլխավոր հերոսների՝ գայլի և նապաստակի շուրջ»,- ասել է Սլաշչևան։
Սլաշչևան չի հստակեցրել, թե մուլտֆիլմի նոր հերոսներն ինչպիսի կերպարներում հանդես կգան և ովքեր կհնչյունավորեն դրանք։
Հիշեցնենք, որ «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան շուտով կներկայացնի խորհրդային արտադրության ամենահայտնի և սիրված մուլտսերիալներից մեկի` «Դե՛, սպասիր»-ի շարունակությունը․ կներկայացվի 26 սերիա, որոնցից առաջինները կցուցադրվեն 2020 թվականի գարնանը:
2019 թվականին իրենց ստեղծման հիսունամյակն են նշում խորհրդային մուլտիպլիկացիայի ամենահայտնի մուլտսերիալներից մի քանիսը՝ «Դե՛, սպասիր»-ը, «Կոկորդիլոս Գենա»-ն, «Բրեմենյան երաժիշտներ»-ը, «Վիննի Թուխ»-ը: