Վրաստանը պետք է փրկել, ես ողջունում եմ ընդդիմության պահանջը. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ողջունում է Վրաստանում միավորված ընդդիմության`համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը և հույսով է նայում ապագային: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Միանշանակ, ես ողջունում եմ ընդդիմության պահանջը և ակտիվորեն կներգրավվեմ այդ գործընթացին: Վրաստանը պետք է փրկել: Ինձ մոտ հույս է արթնացել, ինչպես երբեևէ: Մենք բոլորս պետք է փրկենք Վրաստանի պետականությունն ու անկախությունը: Պետք է մի կողմ թողնենք մեր հավակնություններն ու աջակցենք վրաց ժողովրդին»,- ասել է Սաակաշվիլին ու հավելել, որ կարևոր է համարում բողոքի ակցիան շարունակել ու տարածել երկրի բոլոր շրջաններում:
Թբիլիսիում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:
Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է: