Արայիկ Հարությունյանը հայ հոգեւորականներին դուրս է վռնդում դպրոցից, իսկ ահաբեկիչները՝ սպանում
Նոյեմբերի 11-ին լրատվամիջոցները հաղորդեցին Սիրիայում երկու հայ հոգեւորականների սպանության մասին: Ղամիշլիից Դեյր Էր Զորի ճանապարհին զինված անձինք կրակ են բացել մեքենայի վրա, ինչի հետեւանքով սպանվել են Ղամիշլիի Հայ կաթոլիկ համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովսեփ Պետոյանը եւ նրա հայրը՝ տեր Աբրահամը:
Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է Իսլամական պետություն անվանումով ահաբեկչական խմբավորումը:
Սարսափելի միջադեպ, որը մեզ պետք է նաեւ սթափեցնի: Տեսեք ինչ է կատարվում. Հայաստանում Արայիկ Հարությունյանը հայ հոգեւորականին դուրս է վռնդում դպրոցից, Հայ եկեղեցու պատմության առարկան հանում դպրոցներից, հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները՝ բուհերից, իսկ Սիրիայում հայ հոգեւորական են սպանում:
Դե եթե Հայաստանում կաթողիկոս են քաշքշում եւ մնում անպատիժ, եթե դպրոցներից հանում են Հայ եկեղեցու պատմություն առարկան, եթե նախարար Արայիկ Հարությունյանն իրեն թույլ է տալիս դպրոցից դուրս հրավիրել Հայ առաքելական եկեղեցու սպասավորին, եթե պատարագ են խանգարում եւ մնում անպատիժ, եթե նույն տխրահռչակ նախարարը հայտարարում է, թե Հայաստանում սատանիզմի հիմքով ներկայացումները չեն արգելվելու, ապա Սիրիայում հայ հոգեւորական կսպանեն:
Ոմանք կասեն, թե ինչ կապ կա. կապը մեծ է եւ շատ ուժեղ: Եթե դու ինքնդ քո պետության ներսում չես հարգում քո պատմությունը, քո հոգեւորականին, քո լեզուն, ապա դրսում արժանանալու ես այս պատասխանին:
Կառավարությունում անգամ չգիտեին, որ Ղամիշլիում մոտ երեք հազար հայ է ապրում, կառավարությունում ոչինչ չեն անում հայ համայնքի անվտանգությունն ապահովելու համար, եւ այդ հարցով զբաղվում են Թրամփն ու Պուտինը, քանի որ մեր կառավարությունում զբաղված են հայոց լեզուն եւ հայոց պատմությունը դպրոցից դուրս մղելով եւ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գործողությունների ծրագիր մշակելով:
Վարդան Մխիթարյան
Top-News.am