Կառավարության միտքը, խիղճը եւ պատիվը՝ Արայիկ Հարությունյան
Եթե ԿԳՍՄ սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականն այսօր մեր հանրությունը կամ հանրության առավել գիտակից հատվածը չպահանջեր, ապա կարող էինք արձանագրել, որ հանրություն գոյություն չունի, որ մեր երկիրն այլեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս:
Երբ ԿԳՍՄ նախարարը հայտարարում է, թե սատանիզմի հիմքով ներկայացումներն այլեւս չեն չեղարկվելու, երբ Հայ եկեղեցու պատմությունը հանում է դպրոցից, երբ քահանային դուրս է հրավիրում դպրոցից, երբ ուզում է բուհերից վերացնել հայերենի եւ հայոց պատմության ուսուցումը, ապա նրա հրաժարականի պահանջն արդեն իսկ անխուսափելի է դառնում:
Հասարակությունը ցույց տվեց, որ առողջ է, որ պահպանում է կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր կամ գրեթե բոլոր պահանջները, իսկ ահա կառավարության եւ նրա ղեկավարի արձագանքը Արայիկ Հարությունյանի գործողություններին վկայում է, որ այն գնում է մարման եւ այն էլ մեծ արագությամբ: Արայիկ Հարությունյանն արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ, այնինչ, վարչապետը կանգնեց նրա թիկունքին եւ Արայիկ Հարությունյանը դարձավ կառավարության միտքը, խիղճը եւ պատիվը:
Կառավարության դեմքը, խորհրդանիշը դարձավ Արայիկ Հարությունյանը: Սա է այսօրվա իրականությունը: Իսկ երբ Արայիկ Հարությունյանն ասում է, թե հրաժարական կտա, երբ գիտակցի, որ չի կատարում իր պարտականությունները, ապա հասկանալի դարձավ, որ առանց վերոնշյալ հայտարարությունների եւ քայլերի էլ նա պետք է պաշտոնանկ արվի:
Պատկերացնում եք, եթե երկրները կառավարվեին, կառավարությունները գործեին ըստ Հարությունյանի տրամաբանությամբ: Ոչ մի տեղաշարժ, ոչ մի առաջընթաց: Ոչ մի նախարարի մտքով չէր անցնի, որ ինքը չի կատարում իր պարտականությունները եւ վերջ: Սա է կառավարության մտքի, խղճի եւ պատվի մտածողությունը, պատկերացումը կառավարության եւ երկրի կառավարման մասին:
Հակոբ Ասատրյան
Top-News.am