Այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսևորում են, պոպուլիզմ, ստախոսություն. (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին վերջին հայտարարություններն ավելի շատ ուղղված էին արտաքին լսարանին, դրանք արվեցին ի պատասխան բանակցությունները տապալելու մեղադրանքների մասին բազում հայտարարությունների: Այս մասին Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԼՂ կարգավորման հարցում դավադրությունները բացառվում են:
Քաղաքագետի գնահատմամբ կան բոլոր հիմքերը՝ մեղադրելու, որ Փաշինյանը բանակցությունները մտցրել է փակուղի. « Փաշինյանը կամ ինչպես ես եմ կոչում՝ պաշտպանյալս, ամեն ինչ խճճել է և հակասական հայտարարություններ է անում: Երբ իմի ենք բերում բոլոր հայտարարությունները, առաջանում է փակուղի»:
Անդրանիկ Թևանյանը նշում է՝ երբ հայտարարում ենք, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ, ուրեմն այն չի կարող լինել Հայաստանի մարզ, ինչի մասին հայտարարվում է: «Մյուս կողմից՝ եթե պետք է Ադրբեջանի պահանջներն էլ բավարարվեն որպես կողմ և լուծումն այդպես պետք է լինի, դա նշանակում է, որ պետք է օրակարգ բերենք նաև Սյունիքի մարզը: Գաղտնիք չէ, որ Ալիևը նման հավակնություններ ունի, ավելին՝ Երևանն էլ համարում է Ադրբեջանի խանություն՝ Էրվան, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին»,-ասաց քաղաքագետը:
Քաղաքագետը նշում է, թե իր մոտ հարց է առաջանում՝ ինչպես պետք է բավարարվեն հայ ժողովրդի, ադրբեջանցիների, և մանավանդ արցախցիների պահանջները. «Եթե հասարակության մեջ որևէ հարցի շուրջ կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է բազմակարծություն, բայց եթե նույն հարցի շուրջ մեկ գլխում կան տարբեր կարծիքներ, դա կոչվում է շիզոֆրենիա: Հիմա այս հակասական հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիայի դրսևորում են, սա միաժամանակ կոչվում է պոպուլիզմ, ստախոսություն»:
Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ բանակցային գործընթացի փակուղի մտնելու փաստը մեծացնում է պատերազմի հավանականությունը: Ըստ նրա՝ սրանով է պայմանավորված, որ Փաշինյանը պատերազմի հնարավորության դեպքում մեղադրում է Ռուսաստանին.«Ասում է, որ եթե պատերազմ եղավ, ուրեմն Ռուսաստանն է մեղավոր, քանզի չի ներդրել բոլոր ջանքերը, որպեսզի կանխի, և երկրորդ՝ եթե մենք տարածքներ կորցնենք, մեղավորը Ղարաբաղի դավադիրներն են, որոնք ուզում են վնասել Հայաստանի կառավարությանը»:
Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի ու Արցախի իշխանությունների պատկերացումներն Արցախի հարցի վերաբերյալ նույնական են, քաղաքագետն ասում է, որ Փաշինյանը նախապես Արցախի իշխանություններին իր ձախողումների սեփականատերն է դարձնում, ասելով, թե իրենք տեղյակ են այս ամենին:
Անդրանիկ Թևանյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանի «անպատասխանատու» գործելաոճը տեսանելի է բոլոր ոլորտներում, և որ իշխանությունները միայն տեր են իրենց վայելքներին, իսկ մնացած հարցերում միշտ դավադիրներ են գտնում:
Իշխանությունները, Թևանյանի դիտարկմամբ, հետաքրքիր բանաձև են առաջարկում. «Ասում են՝ հները գրագետ կոռուպցիոներներ էին, իսկ մենք այդ գրագիտությունը չունենք, բայց կոռուպցիոներներ չենք, կամ ավելի պարզ ասած՝ նախկին գրագետ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել չկոռումպացված դեբիլները, ասում են՝ դիմացեք մեզ: Նախկին մերժված համակարգը չփոխարինվեց նորի՝ չնայած այն բանի, որ հեղափոխության «փայատեր» հասարակության մոտ կար նման առողջ ցանկություն: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ հասարակությունը հետո իրեն զրկեց այդ փայից՝ իր իրավունքները վերապահելով մեկ մարդու, իսկ երբ մեկ մարդու տալիս ես նման լիազորություններ, երբ նա չունի համապատասխան որակներ, տեղի է ունենում իշխանության բացարձակ այլասերում: Հայ ժողովուրդը չի կարող իր պատմությունը հանձնել փողոցային դիլետանտների»: