Բալթիկ ծովի հատակից ավելի քան 100 տարվա պատմություն ունեցող կոնյակի և լիկյորի շուրջ հազար շիշ է դուրս բերվել (տեսանյութ)
Ocean X ջրասուզորդների խումբը Բալթիկ ծովի հատակից դուրս է բերել ավելի քան 100 տարի առաջ Ռուսաստանի ճանապարհին խորտակված նավից ծովի խորքն ընկած ֆրանսիական ալկոհոլի շուրջ հազար շիշ, գրում է The Local-ը:
1917 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, կոնյակի և լիկյորի շշերը պետք է հասցվեին Պետրոգրադ: Ճանապարհին շվեդական շոգենավին կանգնեցրել է գերմանական սուզանավը: Անձնակազմը որոշել է խորտակել նավը և ետ վերադառնալ Շվեդիա, քանի որ այն ժամանակ ալկոհոլի տեղափոխումը մաքսանենգություն էր համարվում:
Արդյունքում՝ նավի 55 արկղ կոնյակը և 15 արկղ լիկյորը կորած է համարվել: Ժամանակին գտնվել են նավի մնացորդները, սակայն այդ ժամանակ ջրասուզումը տվյալ վայրում վտանգավոր է համարվել: Հաջորդ անգամ այն հաջողվել է իրականացնել շվեդական ջրասուզորդների կողմից՝ մի քանի տարի առաջ:
Կոնյակի և լիկյորի շշերը հաջողվել է ծովի հատակից դուրս բերել ռոբոտների օգնությամբ:
De Haartman & Co ընկերությանը պատկանող կոնյակի 600 շշերը և Benedictine լիկյորի 300 շշերը (այն հիմա պատկանում է Bacardi ընկերությանը) անվնաս դուրս են բերվել ջրից: Հաղորդվում է, որ կոնյակի և լիկյորի մի քանի շիշ կուղարկվեն Ռուսաստան և Շվեդիա՝ հետազոտության համար: Ջրասուզորդները հայտնաբերվածը կայսերական Ռուսաստանի պատմության մի մասն են անվանել: