ՀՀ-ն չի պատկերացնում Ղարաբաղյան կարգավորման՝ երեք ժողովուրդների համար ընդունելի լինելու թեզի վտանգավորությունը. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Հանձնառությունների համարժեքության մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները խոսում են այն մասին, որ բանակցային սեղանի ներկայացուցիչները՝ համանախագահներն և Ադրբեջանը, կարծես թե, Հայաստանի իշխանություններից ակնկալում են հանձնառությունների ոչ համաչափություն: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի հերթական թողարկման ընթացքում ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում արտաքին գործերի նախարարության և անձամբ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից վերջերս հնչեցրած մտքերին:
«Որտե՞ղ ենք մենք գտնվում բանակցային գործընթացում, և արդյոք ժամանակը չէ, որ ժողովրդի վարչապետն ու կառավարությունը կիսվի բանակցային սեղանին տիրող իրավիճակով, եթե ճնշումներ կան, այդ ճնշումների մասին սեփական հանրությանը տեղյակ պահի», - նշում է փարձագետը՝ ընդգծելով, որ այսքան անգամ այս նույն արտահայտության կրկնվելն ուրիշ ոչ մի բանի մասին չի խոսում:
Կարեն Բեքարյանի կարծիքով՝ ՀՀ ԱԳՆ-ն իր չհաշվարկված հայտարարություններով և գործողություններով՝ Ղարաբաղյան հակամարտության համատեքստում երկարաժամկետ կտրվածքի մարտահրավերներ է առաջացնում:
«Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս իր ԱԳ նախարարի շարունակեց չպատկերացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը երեք ժողովուրդների համար ընդունելի լինելու թեզի վտանգավորությունը: Եթե մենք խոսում ենք ինքնորոշման իրավունքի մասին, իրավունքի մասին ընդհանրապես, այն ենթակա է ճանաչման և հարգման, ոչ թե ընդունելի լինելու», - նշում է փորձագետը՝ ընդգծելով, որ հարցին այսկերպ մոտենալու դեպքում Ադրբեջանի մոտ վերակենդանանում է գայթակղությունը, որ ինքը կարծես թե ունի ինչ-որ լծակներ չհամաձայնելու ԼՂՀ կողմից ինքնորոշման իրավունքի իրացման հետ:
Կարեն Բեքարյանը նշում է, որ ժողովուրդների համար ընդունելի լինելը հնարավոր է չափել օրինակ հանրաքվեով: «Ադրբեջանը տարիներ շարունակ աշխատանք է տարել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, Ղարաբաղի կարգավիճակն իր ողջ տարածքում հանրաքվեով լուծելու համար: Եթե թե՛ տարած տարիների դիվանագիտական աշխատանքը, թե՛ միջազգային իրողություններն Ադրբեջանին հետ մղեցին այդ մտքից, դուք նրան վերադարձնում եք նորից այս շրջանակ: Ո՞րն է նպատակը, որպեսզի այս թերի, խայտառակ հարցազրույցների ժամանակ այդ թեզն օգտագործե՞լ որպես կառուցողականություն» , - նշում է Կարեն Բեքարյանը: