Ոստիկանապետի պաշտոնակատարը Հովհաննես Քոչարյանի ազատման մասին հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս (տեսանյութ)
Քաղաքական հայտարարության համար աշխատանքից ազատված Հովհաննես Քոչարյանը պրոֆեսիոնալ կադր էր, լավ իրավաբան էր, բայց մասնավոր դեպքով մի նայեք։ Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դիտարկմանը, որ վարչապետը բազմիցս ասել է, որ ոստիկանությունը չպետք է քաղաքականացվի և Հովհաննես Քոչարյանն էլ է այդ համատեքստում հայտարարություն արել, ոստիկանապետի պաշտոնակատարը խուսափողական պատասխան տվեց․ «Եթե ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, գնահատականները նայեք ընդհանուր տեղի ունեցած իրադարձությունների ենթատեքստում, դրա մասին հստակ գնահատական կա տրված վարչապետի մամուլի խոսնակի մակարդակով»։
Արման Սարգսյանը պնդեց՝ որպես ոստիկանապետի պաշտոնակատար իր դիրքորոշումը համընկնում է վարչապետի դիրքորոշման հետ, իսկ որպես մասնավոր անձ ունի իր սեփական դիրքորոշումը․ «Ես ունեմ այն դիրքորոշումը, որ դիրքորոշումը ունի այն ղեկավարը, որ ինձ նշանակել է։ Ես իմ սեփական դիքրորոշումը ունեմ, բայց եկեք չմոռանանք՝ ես և առհասարակ ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է»։
Հարցին՝ չի՞ ափսոսում Քոչարյանի կորստի համար, նա պատասխանեց․ «Ես բոլոր մարդկանց և լավ կադրերի կորուստը ափսոսում եմ»։
Արման Սարգսյանը պնդում է՝ գիտի 25 տարեկան մարդկանց, որոնց պարագայում հնարավոր է ղեկավարել ոստիկանությունը․ «Բնականաբար կարող է ղեկավարել 25 տարեկանը, նայած թե ով է այդ 25 տարեկանը, եթե նման խնդիր ծագի, որ նշանակեն 25 տարեկանի, ինքը պետք է ունենա անհրաժեշտ մասնագիտական և մարդկային որակները։ Եթե տարիքային ցենզը հաշվի է առնվել պատգամավորների պարագայում․․․ ոստիկանությունում կան աշխատակիցներ, որոնք 35 տարեկան են, բայց զբաղեցնում են կրտսեր խմբի պաշտոններ, այդ տարիքը սահմանվել է ՀՀ նախագահի համար․․․Ես առաջնորդվում եմ օրենքով, իսկ այդ հարցում եթե եղել են քննարկումներ, հնարավոր է և դեմ կարծիքներ են եղել, ես որպես մասնավոր անձ ունեմ իմ կարծիքը, բայց ձեր հարցերին որպես ոստիկանապետ եմ պատասխանում, մարդը պետք է լինի պրոֆեսիոնալ»։
Նա պնդում է՝ եթե լինի անձ, որը կունենա այն որակները, որոնք անհրաժշետ կլինեն այդ թիմային աշխատանքը կատարելու համար․ «Հնարավոր է՝ ոստիկանությունում ծառայող որևէ մեկը անհամեմատ ավելի վատ կառավարի, քան մի անձ, որը ոստիկանության գործունեությանը ծանոթ է իրավական ակտերի մակարդակում, եթե այդպես որոշվի, դրանում որևէ ողբերգություն չեմ տեսնում»։
Դիտարկմանը, որ 25 տարեկանը չի ունենա տարիների փորձ, արդյոք պրոֆեսիոնալիզմի համատեքստում կարևոր չէ փորձը, Սարգսյանն արձագանքեց․ «Պրոֆեսիոնալիզմը կոմպլեքս է, ներառում է մարդկանց հետ հարաբերվելու հմտությունը, գիտելիքը»։
Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը, որի համաձայն ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ կարող են նշանակվել բոլոր այն անձինք, որոնք բավարարում են պատգամավորի թեկնածուին ներկայացված պահանջներին: Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը դեմ էր արտահայտվել ոստիկանապետի պաշտոնը քաղաքականացնելուն և իր հայտարարության համար ազատվել զբաղեցրած պաշտոնից։