ABC-ի լրագրողը Չեչնիայի «նույնասեռականների բանտում» ոստիկանապետին խոստովանել է, որ գեյ է (տեսանյութ)
ABC հեռուստաալիքի «Nightline» ծրագրի հեղինակներից մեկը՝ լրագրող Ջեյմս Լոնգմանը, այցելել է մայրաքաղաք Գրոզնի, որտեղ հատուկ ռեպորտաժ է նկարահանել Չեչնիայում ապրող սեռական փոքրամասնությունների մասին:
Լրագրողը հանդիպել է նաև Չեչնիայի ոստիկանության պետ Ապտի Ալաուդինովի հետ:
Кавказский узел-ի փոխանցմամբ՝ նրանք շրջել են քաղաքով, ապա հանդիպումը շարունակվել է ռեստորանում, որտեղ ոստիկանապետն ամերիկացի հյուրերին հարցրել է՝ արդյոք նրանց մեջ նույնասեռական կա, բայց Լոնգմանը չի պատասխանել հարցին:
Ճաշկերույթից հետո ոստիկանապետը լրագրողներին տարել է «նույնասեռականների բանտ»՝ էքսկուրսիայի, որտեղ նրա խոսքով՝ «տանջում են գեյերին»:
Լոնգմանը բանտախցում հարցրել է ոստիկանապետին. «Հիշու՞մ եք՝ մեզ հարցրիք, թե արդյոք մեր մեջ գեյ կա: Ի՞նչ կլիներ, եթե ասեի, որ ես գեյ եմ»: Ապտին պատասխանել է, որ կցանկանար իմանալ, թե ինչու է տղամարդուն «դեպի դա քաշել»:
«Ինչպես ավում է, նա հանգիստ կգնա տուն»,- ասել է Ապտին, ինչին ի պատասխան լրագրողը նրա ձեռքը դրել է իր սրտին՝ ցույց տալու, թե որքան վախեցած է:
Ալաուդինովը ծիծաղել է, հարվածել լրագրողի ուսին ու ասել. «Դա քո կյանքն է, ապրիր այնպես, ինչպես ուզում ես: Բայց մեզ մի սովորեցրու, թե ինչպես պետք է ապրենք, ահա և այսքանը»:
Էքսկուրսիայից հետո ոստիկանապետը լրագրողներին ուղեկցել է հյուրանոց: Ճանապարհի ընթացքում Լոնգմանը հարցրել է Ալաուդինովին.«Արդյո՞ք մտածում եք, որ ես ավելի պակաս տղամարդ եմ, քան դուք:
«Ես ուղիղ կասեմ, ես չէի ցանկանա, որ դուք իմ ընկերը լինեք»,- պատասխանել է նա: