Հրապարակվել է ԻՊ-ի պարագլուխ ալ-Բաղդադիի ուղղությամբ հասցված ամերիկյան հարվածի տեսանյութը
Սիրիացի ակտիվիստները տեսանյութ են հրապարակել համացանցում, որում երևում է, թե ինչպես է Միացյալ Նահանգների զինուժը հարվածներ հասցնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որի ժամանակ, ըստ որոշ աղբյուրների, սպանվել է ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին:
Հրապարակված կադրերը ներկայացնում է CNN-ը՝ նշելով, որ տեսագրության մեջ ինքնաթիռի և պայթյունի ձայներ են լսվում: Գիշերային երկնքում վառ առկայծում է երևում, որը, ինչպես ենթադրվում է, ամերիկյան ուժերի հասցրած հարվածն է եղել:
Աղբյուրը նշում է, որ չի կարող հաստատել տեսանյութի հավաստիությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել է ԱՄՆ-ի՝ Սիրիայում շաբաթ իրականացրած հատուկ գործողությունների մասին՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի դեմ, որն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, մահացել է: