Մարդկանց վերաբերմունքը փոխվելու է ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ. Ռ. Մելիքյանը` Հ. Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ հրավիրելու մասին
Տանիք ստուգելու գործառույթ ԱԱԾ-ն, ես կարծում եմ, չպետք է ունենա, և ես այդպես էլ չհասկացա` այդ ինչ պատմություն էր: Այս մասին իրավապաշտպանների դեպի ԱԱԾ երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը` անդրադառնալով ԱԱԾ քննիչների` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն այցելությանն ու առանձնատան տանիքի ստուգմանը:
«Մեր ԱԱԾ-ն լրջագույն կառույց է, և մենք բոլորս պարտավոր ենք հարգանքով վերաբերվել ԱԱԾ-ին, քանի որ վերջինիս գործառույթները մեր պես երկրների համար, ես կասեի, նույնիսկ առաջնային են, և այս շատ ցավալի իրադարձությունների պատճառով մարդիկ նաև վերաբերմունքը փոխելու են, և դառնություն է առաջանալու ոչ թե կոնկրետ անձանց, այլ հենց ԱԱԾ-ի հանդեպ»,-մեկնաբանեց նա` հույս հայտնելով, որ ԱԱԾ-ի հեղինակությանը հասցված վնասը հնարավոր կլինի ինչ-որ կերպ վերականգնել:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մելիքյանն ու «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկման մասնակից մյուս իրավապաշտպաններն այս պահին երթով ուղևորվում են ՀՀ ԱԱԾ, որտեղ այժմ հարցաքննվում են Հրայր Թովմասյանի դուստրերը:
Մինչ այս ԱԱԾ-ում հարցաքննվում էր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ 75-ամյա Վարդան Թովմասյանը, ում ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար նա լքել էր ԱԱԾ-ն:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից Հրայր Թովմասյանի` ՍԴ դատավոր ընտրվելու գործընթացի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել, կատարվում է նախաքննություն: