Դուման 6 լրատվամիջոցների մեղադրում է Ռուսաստանի գործերին միջամտելու մեջ
Ռուսաստանի ներքին գործերին օտարերկրացիների միջամտության հարցով Պետական դումայի ստեղծած հանձնաժողովը երեկ հայտարարել է, որ վեց լրատվամիջոցնոր՝ «Ազատություն» ռադիոկայանը, «Current Time» հեռուստատեսությունը, «Ամերիկայի ձայնը», BBC-ի ռուսական ծառայությունը, «Մեդուզա»-ն և «ՄԲԽ Մեդիան», խախտել են Դաշնության օրենքները:
Ըստ դումայի հանձնաժողովի, նշված լրատվամիջոցները սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ընտրությունների նախօրեին չեն պահպանել «լռության» օրվա» պահանջները:
Ռուսաստանում ընտրություններին նախորդող «լռության օրվա» ընթացքում արգելվում է ցանկացած տեսակի նախընտրական քարոզ: Օրենքի խախտում է նաև մինչև ընտրատեղամասերի փակումն ընտրությունների արդյունքներին վերաբերող տեղեկատվության հրապարակումը:
Պետական դուման մտադիր է դիմել «Ռոսկոմնադզորին» և գլխավոր դատախազությանը՝ հանձնաժողովի կազմած զեկույցի հիման վրա եզրակացության հանգելու և որոշումներ ընդունելու համար: