Պարզվում է՝ «Նոր Հայաստանում» հաղթողներին դատապարտում կամ դատում են
Պարզվում է՝ «Նոր Հայաստանում», նոր իշխանությունը, նոր սերունդը հաղթողներին դատապարտում կամ դատում է։ Լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։
«Ավելի լավ է ինձ դատեն, տանեն 15 տարի բանտ նստեցնեն, քան սոցիալական ցանցերում ոչնչից իմ հասցեին այդպիսի հայհոյանքներ հնչեցնեն: Էս ո՞ւր ենք տանում մեր երկիրը», - ասաց նա։
Վիտալի Բալասանյանն ասաց, որ մի բան է ասելու, որը կցանկանար փոխանցեին ՀՀ իշխանություններին։ «Իմ թոռներն արդեն իսկ ընտրել են իրենց ապագա մասնագիտությունները․ մեկն ուզում է գեներալ դառնալ, մեկը՝ իրավաբան, մեկը՝ բժիշկ։ Պետք է գտնեն այդ գեներալի կերպարը, հիմա իմ կերպարը չեն ուզում արդեն, որովհետև սոցցանցերում իմ թոռնիկները կարդում են ու ասում են՝ էս գեներալը գեներալ չի։ Հիմա ցույց տվեք այդ կերպարները, այդ մարդկանց, որպեսզի իմ հինգ թոռնիկներն առաջնորդվեն նրանցով ու կերտեն իրենց ապագան»,-ասաց նա և հավելեց՝ երբ մայիսի 9-ին Երևանում էր, իրեն էլ պետք է «փռեին ասֆալտին»։
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործին՝ Բալասանյանը նշեց, որ նրան ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին, նախկին բոլոր արժեքները։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ Բալասանյանը նշեց․ «Նիկոլը պատասխանատվությունից փախել է շատ շուտվանից, երբևիցե այդ մարդն իր վրա պատասխանատվություն չի վերցրել», - ասաց նա։