«Իրոք, ապշեցուցիչ է». Սերժ Թանկյանն Instagram-ում Հիտլերի և Էրդողանի ֆոտոկոլաժն է հրապարակել
Հանրահայտ ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր Էջում հրապարակել է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ֆոտոկոլաժը` «Հիտլերը և Էրդողանը. Իրոք, ապշեցուցիչ է» գրառմամբ:
Լուսանկարի վրա նաև նշված են երկու տարեթվեր` 1939-ը` Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի տարեթիվը և 2019-ը` Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող «Խաղաղության ակունք» անվանմամբ և քրդական ուժերի դեմ ուղղված ռազմական գործողությունների սկսման տարեթիվը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: