ՍԴ-ն գրավելու փափագը մնում է իմքայլականների սրտում
Իշխանությունները չեն հրաժարվում Սահմանադրական դատարանը գրավելու իրենց ծրագրից: Նրանք չեն վհատվել ՍԴ-ի վերջին որոշումից եւ պատրաստվում են անցնել հերթական գրոհին: Իհարկե, նրանք էլ պատկերացում չունեն, թե հիմա ինչ են մոգոնելու, ինչ են ասելու, ինչ են անելու, բայց որ չեն նահանջելու՝ պարզ է:
Իմքայլական կարկառուն պատգամավորներից մեկը լրագրողներին վստահեցրել է, որ իրենք ունեն խնդրի լուծման այլ տարբերակներ, բայց, բնականաբար, հրաժարվել է խոսել այդ տարբերակների մասին:
Հիմա տեսեք, թե ինչ վտանգավոր ձեւակերպումներ է արել կարկառունը. «ԱԺ-ն առաջնային մանդատ ստացած միակ մարմինն է, եւ նա պետք է լուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները: ԱԺ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել, սպասել, թե ինչպես հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն շարունակի ՀՀ իրավական դաշտը ըստ կամայականությունների աղավաղել»:
Հետաքրքիր է, իսկ ինչ կլիներ աշխարհի հետ, եթե հանկարծ այս պատգամավորը չիմանար, լսած չլիներ «առաջնային մանդատ» եզրույթի մասին: Մնում է, որ լսելուց հետո նա եւ իր ընկերներն ականջներին օղ անեն, որ պատգամավորը, կառավարող խմբակցության ներկայացուցիչը օրենքից եւ Սահմանադրությունից վեր չէ, եւ որ այդ առաջնային մանդատը նրանց իրավունք չի տալիս կամայականություններով զբաղվել:
Տխուր է, մտահոգիչ է, երբ կենսագրության հետ խնդիր ունեցողներն արհամարհական ձեւով խոսում են լուրջ կրթություն ստացած, լուրջ ճանապարհ անցած մարդկանց կենսագրությունից եւ նրանց մասին խոսում հեգնանքով, այն էլ վերեւից:
Տխուր է, բայց հիմա այս իրականությունն է, որից հաստատ դուրս ենք գալու, հուսանք նվազագույն կորուստներով, որից հետո նոր իշխանությունները պետք է անպայման լիկկայաններ բացեն իմքայլական որոշ պատգամավորների համար, որ նրանք գոնե որոշակի կրթություն ստանան, ինչպես նաեւ ծանոթանան էթիկայի եւ վարվելակերպի կանոններին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am