Ընդդեմ եկեղեցու, հայերենի եւ հայոց պատմության. ո՞վ է Արայիկ Հարությունյանը
Արայիկ Հարությունյանի՝ Նիկոլ Փաշինյանի կախարդական փայտիկով սուպերնախարար դարձած երիտասարդի արկածներն ու սկանդալները շարունակվում են: Հիմա սուպերնախարարը սուր է ճոճում հայոց պատմության եւ հայերենի դեմ:
Մինչ Արայիկ Հարությունյանի նոր արշավին անդրադառնալը հիշեցնենք, որ այս նախարարն իր գործունեությունը սկսեց վազելով դպրոց մտնելով եւ ուղիղ եթերում ծնողների կողմից ուսուցիչներից մեկի հոգեհանգստին մասնակցելու համար նախատեսված ծաղկի գումարը նույն ծնողներին հետ վերադարձնելով:
Հետո հայտարարեց, թե պետք է դպրոցներից հանի Հայոց եկեղեցու պատմություն եւ Շախմատ առարկաները: Հետո ձախողվեց:
Բայց նա հենց այնպես չէ այս նախարարությունը ղեկավարում: Նա հանձնարարականներ ունի, որը պետք է ամեն գնով իրականություն դարձնի: Արայիկ Հարությունյանը դպրոցից դուրս հրավիրեց այնտեղ գտնվող Հայ Առաքելական Եկեղեցու քահանային, հասկացնելով իր վերաբերմունքը մեր եկեղեցու նկատմամբ: Ափսոս միայն, որ մեր եկեղեցու առաջնորդների արձագանքը չափազանց թույլ էր:
Մի քանի այլ սկանդալային պատմություններում թաթախվելուց հետո հիմա էլ պարզ է դառնում, որ Արայիկ Հարությունյանը որոշել է ծանր հարված հասցնել հայերենին եւ հայոց պատմությանը: Նույնիսկ Ռուսական կայսրության իշխանության տարիներին ռուսական իշխանություններին չհաջողվեց արմատախիլ անել հայերենը, բայց սուպերնախարարն այլ համոզմունքներ ունի:
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի հարցերի նախարարությունը որոշել է բուհերում հայոց լեզու, հայ գրականություն եւ հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինի: «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի հենց այս խնդիրն է լուծելու:
Իհարկե, Արայիկ Հարությունյանն այս հակաազգային եւ հակապետական քայլը կմատուցի գեղեցիկ փաթեթավորմամբ, ասելով, թե ուսանողները պետք է կենտրոնանան մասնագիտական առարկաների վրա, բայց դե մենք գիտենք իրականում որն է սուպերնախարարի եւ նրա իրական շեֆերի բուն նպատակները:
Բուծել անհայրենիք սերունդ, երիտասարդություն եւ հետո նրանց օգտագործել որպես խամաճիկներ: Հենց սա է անտեսանելի ձեռքի գլխավոր նպատակներից մեկը, որի իրականացմանն էլ լծվել է Արայիկ Հարությունյանը: Իրոք, շատ համառ են թե սուպերնախարարը, թե նրան հանձնարարություն տվողը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am