ՀՀ-ն գեոտուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի. ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի տնօրեն
Երեւանում հոկտեմբերի 15-ին աշխատանքն է սկսել «Բնական գիտությունների թանգարանները որպես գեոտուրիզմի զարգացման գործոն» միջազգային համաժողովը։
Համաժողովը նվիրված է Գիտությունների ազգային ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի 80-ամյակին։
ԳՀԻ տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանն ասաց, որ թանգարանը հայտնի է ամբողջ աշխարհում իր եզակի ցուցադրանմուշներով, եւ այն կարող է գեոտուրիզմի զարգացման լավ պայման դառնալ։ Գիտնականն ընդգծեց, որ գեոտուրիզմի տարածման կարեւոր բաղկացուցիչ է գեոպարկերի հետ կապված աշխատանքը ՅՈւՆԵՍԿՕ-ի ծրագրերի շրջանակում։ «ՅՈւՆԵՍԿՕ-ի աշխատանքը գեոպարկերի ուղղությամբ սկսվել է 2001 թվականին, եւ 2019-ին աշխարհի 141 երկրներում արդեն ստեղծվել են 147 գեոպարկեր»,- տեղեկացրել Մելիքսեթյանը։
Երկրաբանը համոզված է, որ Հայաստանը գեոտուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի, ինչը կարող է լավ նախապայման դառնալ երկրի տնտեսական աճի համար։ «Ինստիտուտը կոնկրետ քայլեր է նախաձեռնում գեոպարկերի ստեղծման համար։ Ներկա պահին հայտ է ուղարկվել կառավարություն հարցի քննարկման համար»,- ամփոփել է նա։