«Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Թուրքիայի հետ». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի գրառում է կատարել՝ հայտարարելով, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բնակվող քրդերը, հավանաբար, իրենք են ազատ արձակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, որպեսզի ԱՄՆ-ին ներքաշեն հակամարտության մեջ:
«Մենք չենք պատրաստվում մասնակցել ևս մի պատերազմի ժողովուրդների միջև, որոնք միմյանց դեմ են պայքարում վերջին 200 տարում: Եվրոպան հնարավորություն ուներ ստանալու ԻՊ-ի իր կալանավորներին, սակայն նրանք չցանկացան ծախս անել: Նրանք ասացին. «Թող ԱՄՆ-ն վճարի»: Քրդերը կարող են ազատ արձակել գրոհայիններից ոմանց, որպեսզի ստիպեն մեզ միջամտել: Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի հետ: Չդադարող պատերազմները կավարտվեն»,- գրել է ԱՄՆ ղեկավարը Twitter-ում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ից Թուրքիան ռազմարշավ է իրականացնում Սիրիայի հյուսիսային շրջաններում գործող քրդական զորամիավորումների դեմ՝ անվտանգ գոտի ստեղծելու նպատակով, որը պետք է պաշտպանիչ գիծ դառնա թուրքական սահմանի համար: Այնտեղ, ըստ Անկարայի, կկարողանան վերադառնալ Թուրքիայում ապրող սիրիացի փախստականները: