Լիբերալ օրենսդրությունը կրիպտոարժույթի հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ. փորձագետ
Առավելագույն ազատական օրենսդրությունը կրիպտոարժույթների հարցում կբարձրացնի հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ։ Այս մասին լրագրողներին ասել է Nooor հայկական բլոկչեյն ասոցիացիայի նախագահ Վիգեն Առուշանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում բավական մեծ թվով մարդիկ են օգտագործում կրիպտոարժույթ, բայց պետության հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ։ Առուշանյանը նշել է, որ ԿԲ-ն չի արգելում, բայց եւ թույլ էլ չի տալիս օգտագործել այն։ «Նման քաղաքականությունն անհասկանալի է։ Ավելին, կարգավորման բացակայությունը բարձրացնում է ռիսկերը։ Ցանկացած ներդրում ռիսկեր է պարունակում, բայց երբ չկան պետության կողմից սահմանված խաղի հստակ կանոններ, այդ ռիսկերը կրկնապատկվում են»,- ասաց Առուշանյանը։
Նա տեղեկացրեց, որ ասոցիացիան մշակել է ոլորտի կարգավորման օրինագիծ, փաստաթուղթը ներկայացվել է կառավարության քննարկմանը եւ ներկայում անցնում է քննարկման փուլը։ «Եթե մենք կարողանանք ոլորտի առավելագույն ազատական կարգավորում ընդունել, ապա բլոկչեյնով զբաղվող օտարերկրյա շատ ընկերություններ կհետաքրքրվեն Հայաստանում աշխատանքով»,- ամփոփել է նա։