Հայտնի են գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրները
Այսօր հայտնի են դարձել գրականության ոլորտում 2018 և 2019 թվականների նոբելյան մրցանակակիրների անունները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
2018 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել լեհ գրող Օլգա Տոկարչուկը, 2019 թվականի նոբելյան մրցանակակիր է դարձել ավստրիացի գրող Պետեր Հանդկեն:
Օլգա Տոկարչուկը 2018 թվականին Բուքերյան մրցանակ էր ստացել «Վազորդները» վեպի համար: Պետեր Հանդկեի գրքերի հիման վրա ֆիլմեր են նկարահանվել:
Հիշեցնենք, որ Նոբելյան հանձնաժողովը հայտարարել էր, որ 2018թ. չի հանձնի գրականության ոլորտում նոբելյան մրցանակը՝ թեկնածուների ընտրության համար պատասխանատու Շվեդական ակադեմիայում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի պատճառով: Փոխարենը 2019թ. երկու հաղթողի անուն է հայտարարվել:
Հոկտեմբերի 9-ին հայտնի էին դարձել քիմիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակ են ստացել Ջոն Գուդենաֆը, Սթենլի Ուիթենգհեմը և Ակիրա Յոշինոն՝ «լիթիում-իոնային մարտկոցների մշակման համար»:
Հոկտեմբերի 8-ին հայտնի էին դարձել ֆիզիկայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ջեյմս Փիբլսը, Միշել Մայորը և Դիդյե Քելոն: Մրցանակի «կեսը» հանձնվել է Փիբլսին՝ «տիեզերագիտության տեսական հետազոտությունների համար», երկրորդ «կեսը»՝ Մայորին և Քելոյին՝ «արևանման աստղի ուղեծրում էկզոմոլորակի բացահայտման համար»:
Հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմում հայտնել էին բժշկության և ֆիզիոլոգիայի ոլորտում նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակակիր են դարձել Ուիլյամ Քելինը, Փիթեր Ռեթքլիֆը և Գրեգ Սեմենցան՝ թթվածնի անբավարարությանը բջիջների ադապտացման վերաբերյալ հետազոտության համար:
Հոկտեմբերի 11-ին նախատեսված է հայտարարել խաղաղության նոբելյան մրցանակակրի անունը:
Հոկտեմբերի 14-ին կհայտարարեն Շվեդական ազգային բանկի՝ տնտեսական գիտությունների համար տրվող մրցանակի հաղթողի անունը: