Մենք աջակցում ենք եւ կաջակցենք Հայաստանին բարեփոխումների ճանապարհին. ԵՄ պատվիրակության ղեկավար
Հայաստանը շարժվում է լուրջ բարեփոխումների ճանապարհով, եւ Եվրոպական միությունն աջակցում է եւ կշարունակի աջակցել Երեւանին։ Այս մասին «Խելացի ապրել. ուժեղացնել երիտասարդությանը» համաժողովում՝ նվիրված «Արեւելյան գործընկերության» տասնամյակին, իր ելույթում հոկտեմբերի 9-ին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Նա նշեց, որ հին ձեռագրերի «Մատենադարան» թանգարան-ինստիտուտն այս համաժողովի անցկացման լավագույն վայրն է, որովհետեւ այն հայկական մշակույթի եւ կրթության օջախն է։ «Մենք ուրախ ենք համագործակցել իշխանությունների հետ, եւ մեր հիմնական շահագրգռվածությունն այն է, որպեսզի զինենք երիտասարդությանը նոր հնարավորություններով։ Սա առաջնահերթություն է ԵՄ-ի համար, այդ թվում «Արեւելյան գործընկերության» շրջանակում, նոր գործնական մոտեցումների կիրառմամբ։ ԵՄ-ը ստեղծում է բազմաթիվ հնարավորություններ, եւ համագործակցությունը կհանգեցնի կրթության համակարգի, նորարարությունների ոլորտի բարելավմանը»,- ընդգծել է դեսպանը։