Իմքայլականներն ու լուսավորականները հավասարվեցին բոլոր ժամանակների հետադիմական ուժերին
Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կողմ են քվեարկել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշմանը, իրենց դրեցին նույն հարթության վրա, որտեղ գտնվում են բոլոր ժամանակների այն գործիչներն ու ուժերը, որոնք այս կամ այն կերպ աջակցել են բռնապետության եւ անօրինականության հաստատմանը:
ԱԺ 132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101-ը։ Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Կողմ է քվեարկել 98, դեմ՝ 1 պատգամավոր։ Ի պատիվ Բարգավաճ Հայաստանի, նրանք հրաժարվեցին մասնակցել այս խայտառակությանը:
Իսկ մենք հիմա արձանագրում ենք, որ Լուսավոր Հայաստանն ու Իմ քայլը վերջնականապես վերածվեցին հետադիմական խմբավորման, որոնց գործունեությունն այսուհետ վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գոյությանը:
Իմքայլական եւ լուսավորական պատգամավորները, որոնցից շատերը սիրում են խոսել ժողովրդավարական եւ ազատական արժեքների մասին, վերածվեցին բռնապետությանն ու մենիշխանությանն աջակիցող ուժերի, ճիշտ այնպես, ինչպես նրանք, ովքեր ժամանակին այս կամ այն դրդապատճառներով օգնեցին Հիտլերին հասնել բացարձակ իշխանության:
Ազգային ժողովի երկու խմբակցություն գրեթե ամբողջ կազմով միացան Սահմանադրական դատարանի դեմ ապօրինի հարձակմանը, որը սանձազերծել է Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանում իրականացվում է ընտրովի արդարադատություն, ցինիկ արդարադատություն: Հայաստանում արդարադատությունը վերջնականապես ոտնատակ է տրվում: Խրախուսվում են ապօրինի արարքները, հովանավորչական նշանակումները: Բարոյալքման աստիճանը հասել է աննախադեպ չափերի:
Իրավիճակն ավելի վատ եւ սարսափելի է, քան հնարավոր է ներկայացնել: Իշխանությունն ամբողջությամբ սեփականացնելու մոլուցքը մեզ բոլորիս բերել է մի կետի, որից այն կողմ կործանումն է: Եթե այս ամենը չեն հասկանում Ազգային ժողովում, կառավարությունում, ապա պետք է հասկանան ԱԺ-ից եւ կառավարությունից դուրս գտնվող առողջ ուժերը եւ ամեն ինչ անեն երկիրը կործանումից եւ աղետից փրկելու համար:
Եւ վերջում մեկ խորհուրդ նրանց, ովքեր կողմ քվեարկեցին ՍԴ դիմելու որոշմանը, այսուհետ դուք ժողովրդավարությունից, ազատական արժեքներից, պետության շահից մի խոսեք: կենտրոնացեք ձեր նեղ անձնական եւ կենցաղային մանր հարցերի վրա:
Վարդան Մխիթարյան
Top-News.am