Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղ
Ռուսաստանյան «Իգրա Թիվի» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ Ալեքսանդր Դրուզը վերադառնալու է «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
««Իգրա Թիվի» հեռուստաընկերությունը, հաշվի առնելով, որ Ալեքսանդր Դրուզը ներողություն է խնդրել, և որ բավականաչափ ժամանակ է անցել, որոշում է կայացրել Ալեքսանդր Դրուզին ակումբ վերադարձնելու մասին»,- ասվում է ընկերության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ նշվում է, որ նա չի խաղալու մինչև խաղաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընկերությունները, որոնք աշխատում են «Ի՞նչ, Որտե՞ղ, ե՞րբ» և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղերի ստեղծման վրա, որոշել էին հեռացնել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստաշոուի գլխավոր խմբագիր Իլյա Բերին աշխատանքից՝ մեծ աղմուկ հանած սկանդալի պատճառով:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Բերը մեղադրել էր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Մինչդեռ Դրուզը, պատասխանելով իր դեմ մեղադրանքներին, նշել է, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
Այս տարվա մայիսին Դրուզը ներողություն էր խնդրել կատարվածի համար: