Ադրբեջանական կողմը զինծառայողի դիակը վերցնելու համար դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին
Ադրբեջանական կողմը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին երեկ տեղի ունեցած դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Մենք տեղյակ ենք այս իրավիճակի մասին։ Այս պահին կարող եմ փաստել, որ կազմակերպությունը իշխանության համապատասխան ներկայացուցիչների հետ գտնվում է իր գաղտնապահ, երկկողմանի երկխոսության մեջ»,-նշեց Զառա Ամատունին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16։15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ։
«ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը։ ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել»,-նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ։