Էրդողանը խեղկատակ է անվանել Գյուլենին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ-ում իր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիան վճռականությամբ լի է պայքարելու ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլլենի կազմակերպության դեմ, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ գյուլենականները փորձում են ճեղք առաջացնել մահմեդականների միջև և հարվածել միջպետական հարաբերություններին։
«Մենք պատրաստ ենք ամբողջ աշխարհին ցույց տալ ահաբեկչական կազմակերպության իրական դեմքը, որի կողմնակիցների ձեռքով 2016 թվականի հուլիսի 15-ին զոհվեց 251 և վիրավորվեց 2193 քաղաքացի» - նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը խեղկատակ է անվանել Գյուլենին ու համոզմունք է հայտնել, որ վերջինս և իր բոլոր կողմնակիցները մի օր դատարանի առաջ կկանգնեն։
Էրդողանը հատուկ ընդգծել է Թուրքիայի արդարադատության և արտաքին գործերի նախարարությունների ջանքերը Գյուլենին արտահանձնելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը և նրա կողմնակիցները մեղադրվում են Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի համար։
2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («FETO»`«Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում: