Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է
Նիկոլ Փաշինյանին, չգիտես ինչու, թվում է, թե ինքը բարի դեմքով եւ ժպտերես վարչապետ է, որը կարող է թյուրիմացության մեջ գցել հանրությանը: Դժվար է ասել, թե ով է իրականության հետ կապ չունեցող տեղեկությունը մատուցել վարչապետին, բայց միանգամից ասենք, որ հանրությունը, միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին բարի եւ ժպտադեմ վարչապետ չի տեսնում, որ դեռ սխալ եզրահանգումներ անի:
Հանրությունը տեսնում է ջղագրգիռ, նյարդային, անդադար սպառնացող, անդադար վախեցնող, անդադար խոստումներ տվող մի մարդու, որը չի հանդարտվում եւ շարունակում է սպառնալ, անգամ երբ խոսում է մանկապարտեզի երեխաների խնդրից կամ պարի խմբակների մասին:
Հիմա էլ ԱՄՆ-ում կրկին շեշտել է՝ թող մեր ժպիտները ոչ մեկ որպես թուլություն չընկալի: Վարչապետը, փաստորեն, գիշերը չի քնում, ցերեկը հաց չի ուտում եւ անդադար մտածում է մի հարցի մասին՝ չլինի՞ հանրությունը ինձ թույլ է համարում: Սա հենց թույլ մարդուն բնորոշ սինդրոմներից մեկն է:
Մնում է պարզել, թե մամուլն այդ երբ է ասել, թե կառավարության ողնաշարը պետք է ջարդել, երբ են դատարանները որոշել Նիկոլ Փաշինյանի ոտքի տակը քանդել, երբ են եկեղեցականները որոշել քանդել կառավարության ոտքերի տակ, որ այդ մասին Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է Խաղաղ օվկիանոսի ափին:
«Նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն»,- կրկին սպառնում է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանին հիշեցնենք, որ հենց իմքայլականներն են մի քանի անգամ նախաձեռնել մամուլի ազատությունը սահմանափակելուն ուղղված նախագծեր, հենց ինքն է կոչ արել շրջափակել դատարանները եւ ճնշում գործադրել դատավորների վրա, հենց ինքն է հիշատակել վնգստացող դատավորների մասին, ինքն է ասել, թե մի՞թե կա մի դատավոր, որ ինձ չենթարկվի, եւ հենց կառավարության անգործության պայմաններում էին հարձակվում կաթողիկոսի վրա, անգամ քաշքշում նրան, փորձում պատարագի իրականացումը խանգարել:
Եւ այսքանից հետո նման հայտարարություն անել, այն էլ Լոսում, մեղմ ասած, լուրջ չէ: Ավելին, անգամ շատ մտահոգիչ է: Եւ հիմա մամուլը, դատարանը, եկեղեցին պետք է շատ հանգիստ արձագանքեն վարչապետի այս հայտարարությանը: Լռությունը ճիշտ չի հասկացվի:
Հակոբ Ասատրյան
Top-News.am