Ուկրաինայում 5-ամյա տղային բանակ են «զորակոչել»
Կիևի մարզի Գրեբենկի գյուղում բնակվող 5-ամյա տղային բանակ են զորակոչել: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին, երեխայի մայրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է զինկոմիսարիատից ստացված ծանուցման լուսանկարը:
«Ծանուցում է եկել տղային անունով, բայց նա դեռ 5 տարեկան է»,- գրել է ուկրաինուհին՝ կցելով ծանուցման լուսանկարը: Փաստաթղթի համաձայն՝ սեպտեմբերի 23-ին տղան պետք է ներկայանա գյուղխորհուրդ և հաշվառման կանգնի տեղի զորակոչի կենտրոնում:
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ երեխայի ծննդյան տարին բնակչության ցուցակում փոխվել է՝ 2013-ից դառնալով 2003, ինչով էլ պայմանավորված է եղել թյուրիմացությունը:
Միջադեպից հետո գյուղխորհուրդը ներողություն է խնդրել և հորդորել նման դեպքերում դիմել վարչակազմին և ոչ թե հրապարակումներ անել սոցցանցերում: