«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործը դատարանում է
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով նախաքննությունն ավարտվել է եւ քրեական գործն ուղարկվել դատարան։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հեռուստաընկերության սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ա. Թավադյանին մեղսագրվող միջադեպը տեղի է ունեցել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ՝ 2019թ․ մայիսի 13-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ կալանավորման հիմնավոր լինել-չլինելու վերաբերյալ նիստի ընթացքում, Վարդգես Գասպարին բողոքի ակցիա էր իրականացրել դատարանի դիմաց՝ «Ռոբիկ սրիկա, Ռոբիկ մարդասպան» պաստառով։ Քոչարյանի աջակիցները նրա ձեռքից խլել եւ պատռել էին պաստառը, առաջացած քաշքշոցի ժամանակ նաեւ ջրով լի շշով հարվածել էին նրա դեմքին: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ, Գասպարին ճանաչվել էր տուժող, եւ նույն օրը Արմեն Թավադյանին մեղադրանք էր առաջադրվել ։
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նաեւ հեռուստաընկերության սեփականատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին, ինչը դատարանը մերժել էր։
Շուրջ 4 ամիս տեւած նախաքննությունից հետո՝ սեպտեմբերի 20-ին քրեական գործն ուղարկվել է դատարան. այն մակագրվել է դատավոր Կարեն Ֆարխոյանին։