Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հիմքերը բավարար են. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ (տեսանյութ)
Քավոր-սանիկական հարաբերությունները, ըստ իս, բավարար չեն որպես այդպիսին, բայց հարաբերությունների բնույթը, փոխկապակցվածությունները և այլն կարող են բավարար լինել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին։
«Պետք է պարզ լինի, որ Սահմանադրական դատարանում կողմի ներկայացուցիչ է հանդիսանում ոչ թե Արամ Օրբելյանը,այլ Արամ Վարդևանյանը, որի հետ կապեր չկան, բայց նյութի ուսումնասիրությունները, Արամ Օրբելյանի հայտարարությունները հանգում են նրան, որ ՍԴ դիմելու նախապատրաստման փուլում դիմում կազմելու գործում Արամ Օրբելյանը որոշակի մասնակցություն է ունեցել»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը՝ հավելելով, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ շրջանառվում է Արամ Օրբելյանի անունը, ինչը ենթադրում է՝ Հրայր Թովմասյանը գիտեր, որ Արամ Օրբելյանն է մասնակցում գործին.«Դա որոշակիորեն կարող է կաշկանդել կամ չկաշկանդել, բայց դրան պետք է անդրադարձ լիներ»,-նշեց պատգամավորը։
Վերջինս ընդգծեց, որ սա միակ հիմքը չէ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ներկայացված նախագծի միակ հիմքը չէ։ Հարցին՝ արդյոք բավարար համարում է նախագծում նշված հիմքերը, թե ոչ, Վլադմիրի Վարդանյանն արձագանքեց. «Այդ հարցով խմբակցությունն իրավունք ուներ դիմելու ՍԴ։ Խմբակցությունում այդ հարցը քննարկվել է, հիմքեր ներկայացվել են, որոշվել է այդ գործընթացը նախաձռնել, հետևաբար հիմքերը խմբակցության կողմից դիտարկվել են բավարար»։
Պատգամավորի պնդմամբ՝ նպատակը ՍԴ-ում ընթացող գործողությունների թափանցիկության ապահովումն է. «Հարգելով խորհրդակցական սենյակի գաղտնիությունը՝ ՍԴ-ում ընթացող գործընթացները պետք է լինեն պարզ, հասկանալի ու թափանցիկ հասարակության համար»։
Անդրադառնալով երեկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ «եթե Հրայր Թովմասյանը չդիմեր Վենետիկի հանձնաժողով և իրենց վրա տղա չբերեր, պաշտոնը լքելու անհրաժեշտություն չէր առաջանա» արտահայտությանը, արձագանքեց. «Նա արտահայտել է իր սեփական, մասնավոր կարծիքը, որը չի հանդիսանում խմբակցության կարծիք և Աղազարյանը, չլինելով պետաիրավական հանձնաժողովի անդամ, տեղյակ չէ այն գործընթացների մասին, որոնք վերաբերում են մասնավորապես դատաիրավական բարեփոխումներին, և նա արտահայտել է կարծիք, որն էմոցիոնալ մտորումներ են»,-նկատեց պատգամավորը։