Նիկոլ Փաշինյանը համառորեն ցանկանում է փլուզել անշարժ գույքի շուկան
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն այսօր հայտարարել է, թե բարձրարժեք գույք, այլ կերպ ասած, թանկ բնակարաններ, տուն ունեցողների գույքահարկն առաջիկայում ընդունվելիք ակտերով մի քանի անգամ կբարձրանա:
«Երեւանի կենտրոնում բնակարան ունեցող թոշակառու տատիկը» ոչ մի կերպ դա չի զգա, միջին խավը շատ թեթեւակի կզգա: Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց հիմա ստիպված են գոնե մի քիչ վճարել։ Բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու այս հարցում, կառավարության դիրքորոշումը շատ հստակ է»:
Մեղմ ասած, կադաստրի կոմիտեի ղեկավարը փորձել է թյուրիմացության մեջ գցել ժողովրդին կամ այլ կերպ ասած, նրանց գլխի տակ փափուկ բարձ դնել:
Միայն հայտարարություններ անելով չէ: Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ եւ հենց նույն Սարհատ Պետրոսյանը պետք է կարողանան բացատրել, թե այդ ինչպես թանկ գնահատված տանն ապրող «տատիկը» չի տուժի, միջին խավն էլ մի փոքր կտուժի:
Չի կարելի մարդկանց կերակրել միայն դատարկ հայտարարություններով եւ փաստերով: Սա ոչ միայն անընդունելի, այլ խիստ վտանգավոր գործելաոճ է: Հաստատ «տատիկը», միջին խավի ներկայացուցիչները չեն կարողանալու վճարել բարձր գույքահարկերը եւ առաջինը որ անելու են՝ բնակարանը վաճառելու փորձ անելն է:
Հաշվի առնելով առկա իրողությունները, պարզ է, որ գնողներ չեն գտնվելու, պարզ է, որ սառեցվելու են հատուկենտ բազմաբնակարան շենքերի կառուցումը: Արդյունքում անշարժ գույքի շուկան փլուզվելու է: Իսկ թե ինչ է լինելու փլուզումից հետո Փաշինյանին չի հետաքրքրում: Տպավորություն է, որ նրա գերնպատակը Հայաստանը աղքատների, խեղճ ու կրակների երկրի վերածելն է: Գուցե Փաշինյանի երազանքի երկիրը եղել է յոթանասունականների կամ ութսունականների Ալբանիան:
Հետաքրքիրն այն է, որ կադաստրի կոմիտեի ղեկավարն ասում է, թե սա դեռ ներկայացված օրինագիծը դեռեւս հարկերի բարձրացման մասին չէ, այլ անշարժ գույքի շուկայականին մոտարկված գնահատման: Չմոռանալով ավելացնել, որ կառավարությունը մտադիր է հետագայում ավելի բարձրացնել հարկային դրույքաչափերը:
Մնում է ասել՝ դուխով...
Աննա Բաղդասարյան
Top-News.am