Լը Պենը Մելանշոնի ընտրողներին կոչ է արել չաջակցել Մակրոնին
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը Twitter սոցկայքի իր օգտահաշվում տեղադրված տեսաուղերձում կոչ է արել «Աննկուն Ֆրանսիա» շարժման առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին քվեարկած ընտրողներին դիմակայել երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի իշխանության գլուխ հայտնվելուն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իմ սիրելի հայրենակիցներ, ապրիլի 23-ին ձեզանից 7 մլն-ը քվերակել է Ժան-Լյուկ Մելանշոնի օգտին։ Այսօր ես ձեզ եմ դիմում...Այսօր պետք է դիմակայել Էմանուել Մակրոնին։ Նրա քարոզարշավը հակապատկերն է այն բանի, հօգուտ ինչի դուք քվեարկել եք առաջին փուլում», — ասում է տեսագրությունում Լը Պենը։
Նա նշել է, որ իր քաղաքական հակառակորդի քարոզարշավը «կապված չէ փոփոխությունների հետ, դա կլինի Ֆրանսուա Օլանդի կառավարած տարիների շարունակությունը»։