Թուրքիան հատել է «կարմիր գիծը». Ավստրիայի ԱԳՆ
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ նա կողմ է Եվրամիության՝ Թուրքիայի հետ բանակցությունների շարունակմանը, սակայն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը՝ ոչ:
Ինչպես հայտնում է թուրքական yarinhaber.net-ը, Կուրցը նշել է, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացմամբ Թուրքիան հատել է «կարմիր գիծը», որը պետք է ազդանշան լինի ԵՄ-ի համար:
«Հանրաքվեն իշխանությունը մեկ մարդու ձեռքում կենտրոնացնելու ևս մեկ քայլ էր: Թուրքիան քայլ առ քայլ ավելի է հեռանում Եվրոպայից և մեր արժեքներից», - հայտարարել է Ավստրիայի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեում հաղթանակ են տարել կառավարման նախագահական համակարգի անցման կողմնակիցները՝ 51,41 տոկոս ձայնով: Վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից՝ բողոքարկումները դիտարկելուց հետո: