Յանուկովիչին ու նրա թիմին պատկանող 1.5 մլրդ դոլարը կփոխանցվի Ուկրաինայի բյուջե
Ուկրաինական պետական «Ощадбанк»-ն առգրավել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և նրա աջակիցներին պատկանող 1,5 միլիարդ դոլարը: Այդ գումարները կփոխանցվեն Ուկրաինայի բյուջե, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Մեկուկես միլիարդ դոլարը, որը կալանքի տակ էր առնվել Յանուկովիչի և նրա թիմի հաշիվներից, դատարանի որոշմամբ պետք է փոխանցվի Ուկրաինայի պետական բյուջե»,- ասված է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի հաղորդագրությունում:
Խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը դատարանի որոշումը սկզբունքային է անվանել, քանի որ «այդ միջոցներից նախատեսված է պաշտպանության համար պետական պատվերի, անվտանգության և պաշտպանության սեկտորի սուբյեկտների ֆինանսավորումը»:
2015 թվականի հունվարի 28-ին Ֆինանսական մոնիթորինգի պետական ծառայությունն արգելափակել է Յանուկովիչի և նրա շրջապատի մարդկանց հետ կապված ընկերությունների հաշիվներին առկա 1,5 միլիարդ դոլարը: