Ի՞նչ է քննարկվել Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպմանը. ներկայացնում է ՀՀ ԱԳՆ-ն
Ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը, որն արդեն ավարտվել է:
Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվեց Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում 2016թ. ապրիլին եւ հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն հայտնեցին Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվեցին շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ:
Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացան նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացավ մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: