Վանեցյանի հրաժարական. Պատճառներ եւ հետեւանքներ
ԱԱԾ պետի հրաժարականը, այն էլ նման հնչեղ հայտարարությամբ չի կարող համարվել շարքային իրադարձություն։ Այն անպայման պետք է ունենա պատճառներ եւ հետեւանքներ։
Իշխանությունը, ասել է, թե Փաշինյանը, փորձելու է ամեն կերպ կենցաղայնացնել խնդիրը։ Սա փաստը արժեզրկելու ամենադյուրին թվացող ճանապարհն է։
Շրջանառության կդրվեն տասնյակ վարկածներ, որոնք ֆեյքերն ու իրական մարդիկ ու շրջանակներ ջանասիրաբար կտիրաժավորեն։ Մի դեպքում հրահանգն է այդպիսին, մյուս դեպքում՝ շահը, կամ երկուսը միասին։
Փաշինյանին օդ ու ջի պես անհրաժեշտ է արժեզրկել եւ կենցաղայնացնել Վանեցյանի հրաժարականի փաստը։ Ցանկացած գնով նա պետք է արգելի իշխանության մեջ գտնվողներին, իր թիմակիցներին ինքնուրույն մտածել, ինքնուրույն հետեւություններ անել։ Սա է ամենակարեւոր խնդիրն այս պահին։ Եթե պետական մեքենան սկսի ինքնուրույն դատել այս եւ առաջիկա թեմաների մասին, ապա մեկ անձի իշխանությունը կփլուզվի, որովհետեւ այն հիմնված է մեկ անձի միֆական անսխալականության վրա։
Հաջորդ քայլով, իշխանությունը ձգտելու է արժեզրկել ԱԱԾ պետի քայլը լայն հասարակության մեջ։ Բայց սրանք, իսկապես, այսօր դժվար լուծվող խնդիրներ են։ Նախ. Վանեցյանը հրաժարական տվեց լինելով վարկանիշային գործիչ եւ երկրորդ՝ նա իր հրաժարականի տեքստում դրեց ձեւակերպումներ, որոնք ի սկզբանե բացառում են հարցի կենցաղայնությունը։
Եւ հակաուժի տրամաբանությամբ իր դեմ կենցաղայնացման ալիքին, Վանեցյանը պետք է պատասխանի համապետական եւ լուրջ խնդիրների ձեւակերպմամբ։
Այս պահին հրաժարականի շրջանառվող պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ պատճառներ, որոնք կրում են անձնական բնույթ եւ պատճառներ, որոնք կրում են պետական, քաղաքական հնչերանգ։ Շրջանառվող վարկածներից ամենաիրատեսականը համարվում են հետեւյալները.
1. Վանեցյանին հանձնարարվել է անել հակաօրինական գործողություններ, ինչը մերժվել է։ Այսինքն Վանեցյանը կատարել է ընտրություն՝ մնալ օրինականության եւ սպայի պատվի շրջանակներում։ Ինչն էլ նա, ըստ էության, ֆիքսել է իր հայտարարության մեջ։
2. Որպես ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ցուցաբերել է սկզբունքային անհամաձայնություն ստվերային քաղական պրոցեսների հանդեպ։ Այն պրոցեսների, որոնք կարող են ճակատագրական դառնալ Հայաստանի համար։ Այստեղ հիմնականում երկու վարկած է։
Չի բացառվում, որ իշխանությունները առաջիակայում կտրուկ փոխեն արտաքին քաղաքական վեկտորը, խոսվում է Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելու եւ ռուսակական ռազմական բազան ՀՀ-ից հանելու հնարավոր որոշումների մասին։
Վանեցյանը, ի պաշտոնե, եւ անձնական որոշ կապերով վերջին մեկ տարում համարվում էր Ռուսաստանի հետ արդյունավետ աշխատանքի եզակի խողովակներից մեկը, եւ նա շատ լավ է հասկանում Հայաստանի համար նման որոշումների կամ նույնիսկ այս պայմաններում նման հարցի քննարկումների ճակատագրական վտանգավորությունը։
Զուտ անձնապես Վանեցյանը կայացրել է հետևյալ որոշումը. նա չի ուզում իշխանափոխությունից հետո հայտնվել բանտում։ Սա արդեն անձնական որոշում է, եւ այսօր իշխանության մեջ գտնվող յուրաքանչյուրը նման որոշում պետք է կայացնի բացառապես կամովին, սեփական արժեհամակարգի եւ սթափության հիման վրա։ ԱԱԾ պետի հրաժարականի, Փաշինյանի համար ամենավտանգավոր, պահը հենց սա է. եթե հանկարծ մյուսները եւս սկսեն հրաժարվել հակաօրինական հանձնարարություններից։ Այդ դեպքում կփլվեն ոչ միայն քրեական գործերն ու դատավարությունները, որոնք դարձել են այսօրվա Հայաստանի բրենդը, այլ կփլվի՝ պետական կառավարման այսօրվա ողջ տրամաբանությունը. մեկ անձը որոշում է, մյուսները կատարում են։
Հետագա գործընթացների առումով, դժվար է պատկերացնել, որ նման վարկանիշով, կապերով եւ օպերատիվ ինֆորմացիայով գործիչը կարող է իրեն հեռու պահել երկրի քաղաքական պրոցեսներից․ մանավանդ այօսր, երբ երեւում է իշխանական բուրգի փլուզումը, մանավանդ վաղը՝ երբ երեւում են աննախադեպ ռիսկեր պետության անվտանգության խնդրում։
Top-News.am