Լևոն Քոչարյան. Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղեղ մեսիջ էր այսօրվա դատավորին
«Հույս ունեմ, որ պետք է հայրս ազատ արձակվի»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Հարցին, թե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականն ինչ-որ բան նշանակո՞ւմ է, թե՞ պատահականություն էր, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ ամեն ինչ ակնհայտ է, ինչ կատարվում է։ Երեկվա տոտալ ճնշումները Սահմանադրական դատարանի հանդեպ ուղեղ մեսիջ էր այսօրվա դատավորին։ Տեսնենք՝ ինչ կլինի»։
Հարցին, թե Ա. Վանեցյանի հեռացումը «Մարտի 1»-ի գործի ընթացքի հետ կարո՞ղ է կապ ունենալ, Լ. Քոչարյանն ասաց. «Հնարավոր է, իհարկե, չենք կարող բացառել։ Պարոն Վանեցյանը հստակ ասաց այն պատճառները, թե ինչու հրաժարական տվեց»։
Պատասխանելով մեկ այլ հարցին, թե երեկ վարչապետը, ԱԺ նախագահը հայտարարել են, որ ՍԴ որոշումն օրինական չէ, ի՞նչ եք կարծում՝ կազդի դատավորի այսօրվա որոշման վրա, Լ. Քոչարյանն ասաց. «Տեսնենք ինչպես կազդի։ Կարծում եմ՝ նպատակը հենց դա է։ Իզուր չէր ընտրված հենց մեկ օր առաջ»։
Քիչ անց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը։