Նոր «Բոհեմ»
Հեղինակային երգը մայրաքաղաքային մշակույթին հատուկ ժանր է, որը շատ սիրված է մեր երկրում: Երգերում արտահայտվող գաղափարներն ու նվիրվածությունը երաժշտությանն ու պոեզիային միավորել են հեղինակ-կատարողներ Ռուբեն Քամալյանին և Վահե Քոչարին, սոլո-կիթառահար Գագիկ Շիբոյանին և բանաստեղծ Գոռ Հարությունյանին: «Բոհեմ» անվանված քառյակի ստեղծագործական երեկոն տեղի ունեցավ ապրիլի 25-ին՝ «Ֆորշ» ակումբում:
Ծրագրի հիմքում պոեզիայի և հեղինակային երգի համատեղ, իրար լրացնող ներկայացումն է հանդիսատեսին: Ընդ որում՝ «Բոհեմն» ունի իր մշտական հանդիսատեսը, որը գալիս է նորից ու նորից, քանի որ քառյակի յուրաքանչյուր ելույթ հարստացվում է նոր երգերով, նոր բանաստեղծություններով և նոր էմոցիաներով:
«Մենք հաստատ գիտենք, որ հաջորդ համերգը սրան նման չի լինելու, որովհետև անընդհատ եփման մեջ ենք: Կարծում եմ՝ դա և լավ է, և վատ: Չենք ունենում վերջնական նյութ, սա չի դառնում խաղացանկային ծրագիր, բայց միշտ ունենում ենք նոր ասելիք»,-նշում է Ռուբեն Քամալյանը:
Արտիստները խոսոտվանում են, որ յուրաքանչյուր նոր ստեղծագործության ներկայացումը ստիպում է իրենց հուզվել ու անհանգստությամբ սպասել հանդիսատեսի արձագանքին:
«Այսօր իսկապես ընկալման հասանք: Իսկ երբ բեմում գտնվող մարդու ասելիքը տեղ է հասնում և փոխադարձվում է, դա ամենամեծ երջանկությունն է: Բոլորս բեմից զգացինք այդ փոխադարձումը»,-ասում է հեղինակ-կատարող Ռուբեն Քամալյանը: