ԱԱԾ տնօրենի հրաժարականը խոսում է պետության մեջ առկա ճգնաժամի նախադրյալների մասին
Ցանկացած պետության մեջ այդպիսի պաշտոն գրավող անձի հրաժարականը միշտ խոսում է պետության մեջ, եթե ոչ ամբողջական ճգնաժամի մասին, ապա առնվազն դրանց նախադրյալների մասին: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն՝ անդրադառնալով ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին:
«Կարծես թե հասարակությունն ամբողջովին վստահում էր Արթուր Վանեցյանին»,- նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ այն բնութագրերը, որով հրաժարական է տվել պարոն Վանեցյանը, պետք է սթափեցնեն ԱԺ-ին, Կառավարությանը, քաղաքական ուժերին և այն անձանց, ովքեր չեն կորցրել քննադատաբար մտածելու ունակությունը:
«Խոսքը գնում է մեր ընդհանուր պետության, մեր ընդհանուր հայրենիքի մասին: Խոսքը չի գնում այն մասին, որ քաղաքական ուժը կմնա, թե չի մնա, այլ կարո՞ղ ենք մենք ազգովի հաղթահարենք այս ստեղծված իրավիճակը»,- նշեց Ալավերդյանը:
Մեր այն հարցին, թե իրավական ի՞նչ ազդակներ է է նկատել նախկին ՄԻՊ-ը, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրավական գործընթաց սկսելու համար մեսիջները քիչ են:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել` հայտարարելով. Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»։