Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում ԿԺԴՀ-ի հետ «շատ խոշոր կոնֆլիկտը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփը հնարավոր է համարում ԿԺԴՀ-ի հետ «շատ խոշոր կոնֆլիկտը»՝ այդ երկրի միջուկային եւ հրթիռային ծրագրերի հետ կապված, սակայն նա կնախընտրեր հարցը լուծել դիվանագիտական ճանապարհով:
«Կա հավանականություն, որ արդյունքում ԿԺԴՀ-ի հետ մենք շատ խոշոր կոնֆլիկտ կունենանք»,- ասել է Թրամփը՝ Reuters-ին տված հարցազրույցում:
Միաժամանակ՝ նա նշել է, որ ցանկանում է խաղաղ ճանապարհով լուծել ճգնաժամը, որը եղել է ԱՄՆ շատ նախագահների օրակարգում, բայց նաեւ չի բացառում ռազմական գործողությունների հնարավորությունը: «Մենք շատ կցանկանայինք ամեն ինչ լուծել դիվանագիտական ճանապարհով, բայց դա ծայրահեղ դժվար է»,- ավելացրել է Թրամփը:
Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան միջազգային քաղաքականության հիմնական մարտահրավերներից է: Նա նաեւ գովել է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին՝ Փհենյանի հարցում աջակցության համար: