Հայաստանում բանկեր եւ դատարաններ այլեւս չեն լինի
Կառավարությունը «դուխով» հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող մարդկանց բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները:
Եթե համառոտ ասենք, ապա եթե այս նախագծերի փաթեթը վերջնական հաստատում գտնեն, ապա մենք այլեւս բանկային համակարգ չենք ունենա: Լավագույն դեպքում բանկերը կվերածվեն տոկոսով փող տվող գրավատների կամ վարկային կազմակերպությունների:
Պարզ է, որ այս նախագծերի վերջնական հաստատումից հետո ոչ միայն կապիտալի չտեսնված արտահոսք տեղի կունենա, այլ նաեւ որեւէ մեկը բանկում գումար չի պահի ոչ ավանդի, ոչ էլ որեւէ այլ տեսքով:
Միաժամանակ, եթե դեռ հույս կա, որ մի օր կվերսկսվեն ներդրումները, ապա այս որոշումից հետո այդ մասին եւս կարելի է մոռանալ:
Մի դիտարկում եւս, այս նախագծերի հաստատումից հետո կարելի է փակել նաեւ դատարանները: Ի վերջո, եթե մինչեւ դատարանի որոշումը հնարավորություն կտրվի խցկվել մարդու բանկային հաշիվների մեջ, ապա էլ ում են պետք է դատարանները:
Եւ խորհրդանշական էր այն տխուր տեսարանյը, երբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մինչեւ վերջ մատչելի լեզվով փորձեց բացատրել, թե ինչ ծանր հետեւանքներ են ունենալու այս նախագծերը, բայց հանդիպեց Արդարադատության նախարարության եւ նրանց թիկունքին կանգնած Նիկոլ Փաշինյանի կազմած պատին:
Մնում է կռահել, թե իրո՞ք Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է լինելու Հայաստանի հետ այս խայտառակ նախագծի անցկացումից հետո, թե՞ լավ էլ հասկանում է եւ գիտակցված գնում է այս քայլին:
Վարդան Մխիթարյան
Top-News.am