Ինչ է, մենք ուզում ենք ամեն տարի ավելի շատ մարդ զոհվի հակառակորդից, քան այլ բաների՞ց. Արծրուն Հովհաննիսյան
Երբ հակառակորդն ակտիվ մարտական գործողություն չի իրականացնում, մենք միշտ այս իրավիճակն ենք ունենալու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս տարվա առաջին կիսամյակում բանակում գրանցվել է 31 զինծառայողի մահ, որից միայն 1-2-ն են հակառակորդների գործողություններից:
«Ի՞նչ է, մենք ուզում ենք ամեն տարի ավելի շատ մարդ զոհվի հակառակորդից, քան այլ բաների՞ց: Այդպես չի լինում: Մենք էլ ենք ուզում, որ ընդհանրապես մարդ չզոհվի, բայց ՊՆ-ն շատ մեծ կառույց է, որտեղ մարդիկ զենքի, տեխնիկայի հետ գործ ունեն: Մենք օր ու գիշեր աշխատում ենք, սպաներ ենք կրթում, պատժում, դաստիարակում, խրախուսում, որ իրենց պարտականությունները ճիշտ կատարեն եւ կորուստներ չլինեն: Ամեն մի կորստից հետո լուրջ պատիժներ ու հետեւություններ են կատարվում:
Ցավոք, իրավապաշտպան կառույցներից շատերը այլ շահեր են հետապնդում, այլ գնահատականներ են տալիս, որ հասարակության մոտ այլ տպավորություններ մնան: Հայտարարությունները, թե ոչինչ չի փոխվել, բոլորը հանցագործն են, արդարացի չի»,-հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հրադադարի խախտումներին, նա ընդգծեց. «Վերջին շրջանում չունենք հրադադարի խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ կամ աճած: Օրական մի քանի տասնյակ դեպքերը, հատկապես, որ փոքր տրամաչափի զենքերից են կրակում, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երեւույթ»: