Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ տարաձայնություններ կան Բաքվին զենք մատակարարելու շուրջ
Ռուսաստանը Ադրբեջանին զինամթերքի եւ ռազմատեխնիկայի նոր խմբաքանակ է մատակարարել։ Նոր զինամթերքը ստացվել է Մոսկվայի եւ Բաքվի միջեւ ռազմա–տեխնիկական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի շրջանակներում,– հաղորդել է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը։
Ռուսական ռազմական տեխնիկայի մատակարարումը Ադրբեջանին իրականացվում է 2007 թվականի համաձայնագրի շրջանակներում, որը պետք է չեղյալ համարվի, գտնում է REGNUM գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
«2016 թվականի ապրիլին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը եւ նրա տեղակալ Դմիտրի Ռոգոզինը հայտարարեցին, որ Ադրբեջանի հետ ռուսական ռազմական տեխնիկայի վերաբերյալ համաձայնագիրը ուժի մեջ է մնում, չնայած Լեռնային Ղարաբաղի պատերազմին։ Սա Ռուսաստանի կառավարության դիրքորոշումն է։ Հայտնի է նաեւ մինչև անցյալ տարվա ապրիլը Վլադիմիր Պուտինի հայտնած դիրքորոշումը, ըստ որի հակամարտության գոտի զինամթերքի մատակարարումը անբարոյական է։ Այստեղ պարզ երեւում են Ռուսաստանի նախագահի եւ կառավարության դիրքորոշումների միջեւ հակասությունները»,– ասել է Մոdեստ Կոլերովը։
Այս համաձայնագիրը պետք է չեղյալ համարվի, քանի որ Ադրբեջանը չարաշահում է այդ մատակարարումները,– գտնում է փորձագետը։
«Նման մատակարարումները չեն կարող ուղղվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը եւ Հայաստանի եւ Ադրբեջանի ուժերի միջեւ հավասարակշռության պահպանմանը։ Քաղաքական տեսանկյունից սա անբարոյականություն է»,– նշել է Մոդեստ Կոլերովը։
Փորձագետը նաեւ ավելացրել է, որ Ադրբեջանը պատահական չէ, որ ռուսական ռազմատեխնիկայի խմբաքանակի ստացման մասին հաղորդել է հենց այն ժամանակ, երբ Հայաստանի պատվիրակությունը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորությամբ, ժամանել էր Մոսկվա՝ մասնակցելու ՌԴ ՊՆ–ի կողմից կազմակերպված անվտանգության գծով կոնֆերանսին։ ՀՀ պաշտպանության նախարարի օրակարգում նաեւ ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ հանդիպում է նախատեսված։