Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին։ ԱԺ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ համապատասխան գրությունն արդեն ուղարկել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին։
«Շնորհակալություն ենք հայտնում էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ»,- ասաց Միրզոյանը:
Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր օգոստոսի 29-ին։ «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որևէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»,– գրել էր նա: