Զելենսկին մտադիր է լուծարել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կողմնակալ աշխատանքի պատճառով. պատգամավոր
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է արտահերթ կարգով լուծարել երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի սկզբունքներին հակասող գործունեություն իրականացնելու պատճառով, հայտնում է РБК-Украина-ն`հղում անելով ուկրաինական խորհրդարանի` «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալինա Զագորույկոյի հայտարարությանը:
Ավելի վաղ Ուկրաինայի Վերին ռադայի մամուլի ծառայության ղեկավար Իրինա Կարամելյուկը հայտարարել է, որ նախագահ Զելենսկին երկրի խորհրդարանում ԿԸՀ-ի լիազորությունների վաղաժամ դադարեցման վերաբերյալ նախաձեռնությամբ է հանդես եկել:
Նախաձեռնության տեքստում նշվում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի կողմից գրանցումների իրականացման, թեկնածուների վերաբերյալ կենսագրական տվյալներ ներկայացնելու հարցում կողմնակալ և օրենքին հակասող գործունեությունը: Նախաձեռնության մեջ հիշատակվում է նաև նախկինում ԿԸՀ-ի անօրինական գործունեության հետ կապված դատարական մարմինների թվով 28 որոշումները: