Վրաստանի նախագահն աշխատանքից ազատել է մամուլի խոսնակին նրա հրապարակային հայտարարության պատճառով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքից ազատել է իր մամուլի խոսնակ Խատիա Մոիսցրապիշվիլիին նրա հրապարակային հայտարարության պատճառով, ասվում է պետության ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
«Խատիայի կողմից տարածված հրապարակային անձնական հայտարարությունը հակասում է մամուլի խոսնակի մասնագիտական պարտականություններին և ստանդարտներին: Մամուլի խոսնակի պաշտոնը խստորեն պահանջում է, որպեսզի նրա կողմից ցանկացած հրապարակային հայտարարություն արտահայտի միայն նախագահի և վարչակազմի դիրքորոշումը», - ասված է հայտարարության մեջ:
Այնուամենայնիվ, չի նշվում, թե որ հրապարակային հայտարարության մասին է խոսքը: Տեղական լրատվամիջոցները ենթադրում են, որ այն կարող է լինել ֆեյսբուքյան գրառումը, որում Մոիսցրապիշվիլին աջակցություն է հայտնել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին ղեկավար Նոդար Մելաձեին, որին աշխատանքից հեռացրել է նոր ղեկավարությունը:
Նշվում է, որ Մոիսցրապիշվիլին խոսնակի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում է աշխատել նախագահի աշխատակազմում: