«Նոր» Հայաստանի իշխանություններին օրենքներ պետք չեն
Ֆրանսիացի մի թագավոր Լյուդովիկոս անունով մի օր ասել է՝ պետությունը ես եմ: Նիկոլ Փաշինյանը չի ասել, բայց ամեն կերպ հասկացնում է, որ օրենքը հենց ինքն է: «Նոր» Հայաստանի իշխանություններին օրենք պետք չէ: Օրենքը հենց իրենց առաջնորդն է:
Սահմանադրական դատարանի վերջին որոշումից հետո, թվում էր, թե ամեն ինչ պարզ է, եւ որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, բայց այդպես միայն թվում էր: Դատախազությունը հանդես եկավ պարզաբանումով, որից հետո մենք մեկ անգամ եւս հասկացանք, որ ցինիզմը խժռել է նոր իշխանույուններին:
Դատախազությունը հայտարարեց, թե ՍԴ որոշումից չի բխում, թե Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, իսկ թե ինչ է բխում իրենց կարծիքով, համեստաբար լռում են: Իսկ լռության տակից շատ հստակ նշմարվում է իրենց կարգախոսը՝ օրենքը Նիկոլ Փաշինյանի կամքն է:
Այս ամենը վտանգավոր է նախ եւ առաջ գործող իշխանությունների, հետո պետության համար: Մենք ասում ենք օրենք, հասկանում ենք Նիկոլ Փաշինյան, ասում ենք Նիկոլ Փաշինյան, հասկանում ենք օրենք: Սա է «Նոր» Հայաստանի իշխանությունների կարգախոսերից մեկը, որը երկիրը դեպքի քաոս եւ անարխիա է տանում:
Քոչարյանի հարցով կարեւորը ոչ թե ՍԴ որոշումն է, այլ Փաշինյանի կամքը, Ամուլսարի հարցում կարեւորը ոչ թե երկրի օրենքներն են եւ շահերը, այլ Նիկոլ Փաշինյանի կամքը եւ շահը; Եւ այսպես բոլոր ոլորտներում:
Եւ կրկին հիշենք ջերմուկցիներին ուղղված նրա կոչը, թե մենք քվե ենք ստացել եւ մենք կարող ենք ճանապարհ փակել կամ բացել, իսկ դուք հանգիստ նստեք տեղներդ:
Նույնը վերաբերում է դատական համակարգին: Փաշինյանը յոթանասուն տոկոս ձայն է ստացել էլ ինչ դատարան, ինչ ՍԴ, կարեւորը առաջնորդի կամքն է եւ որոշումը:
Այսպես հաստատ երկար չեք ձգի «նոր» Հայաստանի հին մտածելակերպով տղաներ եւ աղջիկներ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am