Կալանավորները հարվածել են դռներին, այրվող առարկաներ են նետել և ըստ այդմ՝ որոշել են բունտ անել ի պաշտպանություն «զոն նայողների». Անի Սամսոնյան (տեսանյութ)
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած իր այցը, որի նպատակն էր պարզել, թե ինչ է կատարվել այնտեղ:
«Երրորդ և չորրոդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, ջարդել են կերակրադռնակները, այնուհետև այրվող առարկաներ են նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածքը»,-պատմեց Անի Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ ս. թ. սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։
Պատգամավորը պարզաբանեց, որ այս անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարեց, որ նախաձեռնել է օրինագիծ, որը միտված է քրեականացնել քրեական ենթամշակույթը:
«Ըստ այդմ՝ կալանավորները որոշել են բունտ անել ի պաշտպանություն զոն նայողների: Իրավիճակը եղել է լարված, սակայն ՔԿՀ ծառայողների ջանքերով այն հանդարտվել է, նրանք ուժի կիրառման չեն դիմել և նաև չկան կալանավորներ, որոնք տարվել են պատժախուց»,-ասաց նա:
Անի Սամսոնյանը տեղեկացրեց, որ Էրեբունի վարչական շրջանի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու համար: «Մենք նաև տեղեկացանք, որ իրավիճակը այս առումով կարող է մնալ լարված, այդ պատճառով ՔԿՀ-ներում ավելի զգոն են և պատրաստ են նման իրավիճակը կարգավորել»,-ասաց նա: