Բորիս Ջոնսոնի՝ մեկ ժամ ուշացած ելույթի ժամանակ կուրսանտներից մեկի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի ոստիկանության ակադեմիայի կուրսանտներից մեկի ինքնազգացողությունը վարչապետ Բորիս Ջոնսոնի «անկազմակերպ ու քաոսային» ելույթի ժամանակ վատացել է, գրում է Mirror-ը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ վարչապետն իր ելույթն ուշացրել է գրեթե մեկ ժամ:
Բորիս Ջոնսոնը երեկ ելույթ է ունեցել Ուեյքֆիլդ քաղաքի ոստիկանության ակադեմիայում զորակոչի կապակցությամբ, որի շրջանակում անդրադարձել է մի շարք հարցերի:
Ըստ հաղորդման՝ կուրսանտները մինչև Ջոնսոնի ելույթը գրեթե մեկ ժամ կանգնած են եղել բեմի վրա:
Ելույթի վերջին պահին, երբ Ջոնսոնը պատասխանում էր լրագրողների՝ վերջինիս եղբոր հրաժարականի վերաբերյալ «կեղեքող» հարցերին, առջևի շարքում կանգնած մի կուրսանտ ձեռքը դնում է գլխին և, ակնհայտորեն, վատ ինքնազգացողության պատճառով նստում:
Բորիս Ջոնսոնը մի պահ հետ է շրջվում, ապա վերադառնում է իր ելույթին:
Նույն ելույթի շրջանակում Մեծ Բրիտանիայի վարչապետը եղբորն «արտակարգ և շնորհալի նախարար» էր անվանել և հայտնել, որ Brexit-ն իր ընտանիքում «պառակտումներ» է մտցրել:
Հարցին, թե ինչու որևէ մեկը պետք է սատարի նրա՝ Brexit-ի ռազմավարությանն այն պարագայում, երբ նույնիսկ սեփական եղբայրը դժվարացավ վստահել, Բորիս Ջոնսոնը պատասխանել էր. «Նա (Ջոզեֆ Ջոնսոնը) արտակարգ մարդ է և փայլուն նախարար էր գիտության և համալսարանների համար. նա այս երկրի և մեզ համար անգնահատելի աշխատանք է կատարել: Ջոնը համամիտ չէ ԵՄ-ի հարցում իմ դիրքորոշմանը. վիճելի հարց, որը, ակնհայտորեն, պառակտումներ է մտցնում ընտանիքներում»: