Ինչ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» այսօրվա նիստում (տեսանյութ)
Քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները և ներկայացվել է առկա իրավիճակը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` ներկայացնելով մանրամասներ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրություն չկա, շատ ավելի համերաշխ է անցել»,-ասաց նա և նշեց, որ եզրահանգում չկա, իսկ եթե լինի, հանրությունը կիմանա:
«Սա կառավարության տիրույթում է, և կառավարությունը պետք է որոշում կայացնի, իսկ խմբակցությունը քաղաքական հենարանն է, որը կա, եղել է և մնալու է: Հանրության մեջ նույնպես կան բազմաթիվ մարդիկ, որ կողմ կամ դեմ են: Այս քննարկումները նրա համար են, որ բոլորին լսենք և ճիշտ որոշում կայացնենք ՀՀ-ի համար»,-ասաց նա:
«Չի բացառվում, որ հանքը ընդհանրապես չշահագործվի և չի բացառվում, որ հանքը պետք է սկսի շահագործվել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը և Ռոբերտ Քոչարյանի գործով խմբակցությունում տիրող անհանգստությանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այսօր բացառապես Ամուլսարի հարցն է քննարկվել և որևէ բանով անհանգստացած չեն. «Իրավական պրոցես է տեղի ունենում և վստահ եմ, որ այդ իրավական պրոցեսը ստանալու է իր տրամաբանական ավարտը»: